Մեդիագրագետ քաղաքացի՝ տեղեկացված, ներգրավված և հզոր

Հոկտեմբերի 25, 2019. Մեդիակրթությունը կարևոր դեր է խաղում երեխաներին տեղեկատվական հասարակության մեջ ապրելու նախապատրաստելու հարցում, քանի որ դյուրացնում է տեղեկատվության և գիտելիքների ազատ փոխանակումը: Հոկտեմբերի 24-ին աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել է Մեդիա և Տեղեկատվական գրագիտության շաբաթը: Այս տարի շաբաթը անցկացվում է «Մեդիագրագետ քաղաքացի՝ տեղեկացված, ներգրավված և հզոր» խորագրի ներքո: Մեդիա և Տեղեկատվական գրագիտության շաբաթվա շրջանակներում Երևանի թ 181 հիմնական դպրոցում հոկտեմբերի 25-ին անցկացվեցին «ԻՐԱԿԱՆ թե՞ ԿԵՂԾ» թեմայով դասեր, որոնց ընթացքում երեխաները քննարկեցին, ինչպես կարելի է տարբերակել կեղծիքը Համացանցում: «Համացանցը երկկողմանի փողոց է, և մենք պետք է սովորենք ճիշտ երթևեկել: Համացանցն օգնում է տնային աշխատանքները կատարել, այն տեղեկությունների հսկայական շտեմարան է և հաճախ նույնիսկ դրանք ավելին են, քան պահանջվում է», ասում են երեխաները:

Միակողմանի կամ աղավաղված տեղեկատվությունը անհրաժեշտ է վերլուծել տարբեր տեսանկյուններից, ինչը մենք փորձում ենք անել երեխաների հետ միասին մեդիա և տեղեկատվական գրագիտության շաբաթվա ընթացքում անցկացվող «ԻՐԱԿԱՆ թե՞ ԿԵՂԾ» թեմայով դասերին, ասում է ինֆորմատիկա առարկայի դասավանդող Գայանե Մկոյանը:

Քննադատական մոտեցումը մեդիատեքստին լավ արդյունք կտա նյութի վերլուծության ժամանակ՝ ձևավորելով «պաշտպանական» մեխանիզմ անհիմն, չապացուցված պնդումների, ապատեղեկատվության, կեղծիքի կամ փաստերի անտեսման դեպքերում, նշեց տիկին Մկոյանը:

«Կարևոր է, որ սովորողները կարողանան քննադատորեն տարբերակել տեղեկատվությունը կարծիքից, դատողությունների կողմնակալությունը, երկիմաստ դատողությունները, տեղեկատվության աղբյուրի հավաստիությունը, դատողությունների տրամաբանական կապերը և այլն,» ամփոփեց ուսուցիչը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources