Երևանում քննարկվեց երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սեպտեմբերի 26, 2018 Ապահով համացանց ծրագրի փորձագետները մասնակցեցին Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցին նվիրված UNICEF ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երկօրյա միջոցառմանը:
 
Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանը միացավ «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը: Որպես ուղենշող երկիր, որը պարտավորվել է 3–5 տարիների ընթացքում գործնական քայլեր իրականացնել խնդրին վերջ դնելու համար, ներկայումս ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ, որը համաժողովի հիմնական թեման է:

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Դարձնե՛նք տեսանելի անտեսանելին» նշանաբանով միջոցառման ուշադրության կենտրոնում է բռնությունը՝ որպես մանկության բացասական փորձառություն, ինչպես նաև՝ դրա հետևանքները:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ 1–14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10 երեխայից 7-ը: Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որևէ տեսակի մարմնական պատժի։ Մեկից երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:
 
Համաժողովը քայլ է՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ցանկացած բռնությունից յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելն ապահովելու գործում՝ Երեխայի իրավունքների կոնվենցիային և Կայուն զարգացման նպատակ 16.2-ին համապատասխան, որոնք անդրադառնում են երեխաների չարաշահման, շահագործման, թրաֆիքինգի և բռնության ու խոշտանգման բոլոր ձևերի վերացմանը, գրում է UNICEF-ի պաշտոնական էջը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources